Առանց լիցենզիայի և այլ փաստաթղթերի բազալտ են արդյունահանել. ԱԱԾ–ի բացահայտումը Կոտայքում

Պետությանն այդպիսով պատճառվել է ավելի քան 816 մլն դրամի վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտի չարաշահումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժինը։
ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը խախտել է հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները։

«2012-2019 թվականների ընթացքում Կոտայքի մարզի Զորավան համայնքի տարածքում առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի իրականացրել է հողի և ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 250.000մ3 բազալտե հանքանյութ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 816.500.000 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Ֆինանսական խարդախությունները տեղափոխվել են համացանց, հիմնականում` Facebook. ԱԱԾ
Նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: