Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Միրզոյանն ահազանգել է ԿԽՄԿ–ին

Ադրբեջանը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում և, չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին, թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը
Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից` հանդիպման ընթացքում Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում և, չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին, թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ առկա է բռնի անհետացումների իրավիճակ։
Կարևորելով ԿԽՄԿ իրականացրած աշխատանքները` որպես չեզոք, անկողմնակալ կառույցի, որը 1992 թվականից գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, ԱԳ նախարարը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում և Արցախում ԿԽՄԿ-ի առաքելության իրականացմանը:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների հարցը
Հանդիպման ընթացքում կարևորվել է ԿԽՄԿ–ի գործունեության անհրաժեշտությունը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակչությանն օժանդակություն ցուցաբերելու համատեքստում, քանի որ այն այս պահին Արցախում ներկա միակ միջազգային կառույցն է։
ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյե
ԿԽՄԿ պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու իր օժանդակությունը ՀՀ իշխանություններին՝ հետպատերազմյան իրավիճակում ստեղծված հումանիտար խնդիրները հաղթահարելու նպատակով: