ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, որոնց 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, որոնցից՝ 67-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու համար։ Այսինքն` ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսը:
«Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընտգրկված անձինք»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մեղադրյալներից 24-ի, այդ թվում պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ էության, ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար դատի տրված անձանց թիվը կազմել է ընդհանուրի շուրջ 76 տոկոսը: Դատարան ուղարկված գործերից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, որով 1 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում, միաժամանակ, դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: Մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է:
Դատի տրված անձանցից 9-ը հանդիսացել են արտահերթ ընտրություներին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 22-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության, 1-ը՝ ԲՀԿ-ի պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարող անձինք:
2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 39 քրեական գործի նախաքննություն շարունակվում է, առանձին գործերի վարույթներ կարճվել են, իսկ որոշները միացվել են իրար: