ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկնելու է Ադրբեջան և նախատեսում է այցելել ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած Վարանդա։ Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, Էրդողանը Վարանդայում ներկա է գտնվելու քաղաքի օդանավակայանի բացման արարողությանը։
«Այդ հարցը մենք քննարկել ենք Իլհամ Ալիևի հետ։ Ծրագրի շրջանակներում կմասնակցենք օդանավակայանի և մի քանի ճանապարհի բացմանը, ինչպես նաև կսկսենք գյուղատնտեսական ոլորտի նոր նախագծերը։ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին` նրանց հսկողության տակ անցած արցախյան տարածքների ականազերծման հարցում: