«Վստահ եմ, որ նորից կայցելեմ». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհի բազմակի չեմպիոնին

Ռոջեր Գրեյսիին ցանկանում է իր համար բացահայտել Հայաստանը։ Նրա ընտանիքը երկար տարիներ ջանքեր է ներդրել ողջ աշխարհում ջիու-ջիթսու մարտարվեստի զարգացման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի աշխարհի տասնակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիայի» հիմնադիր Ռոջեր Գրեյսիին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողովին»: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ռոջեր Գրեյսին ՀՀ նախագահին է ներկայացրել իր տպավորությունները մեր երկրից՝ նշելով, որ ցանկանում է իր համար բացահայտել Հայաստանը:
«Այցի ընթացքում կազմակերպելու եմ նաև ջիու-ջիթսուի վերաբերյալ սեմինար: Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը ու վստահ եմ, որ նորից կայցելեմ»,- ասել է Ռոջեր Գրեյսին:
Գրեյսիների ընտանիքը երկար տարիներ ջանքեր է ներդրել ողջ աշխարհում ջիու-ջիթսու մարտարվեստի զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծված և միջազգային ճանաչում ունեցող «Ռոջեր Գրեյսի ակադեմիան» ասոցացված դպրոցներ ունի աշխարհի մի շարք երկրներում: