Որոշել են չհարմարվել իրականությանը. ՀՅԴ Երիտասարդականը համահայկական պայքար է սկսում

ՀՅԴ
Երիտասարդ դաշնակցականները համոզված են, որ իրենց հետեւողական պայքարն արդյունք կտա։Նրանք կոչով դիմել են երիտասարդությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՅԴ պաշտոնական կայքում։

«ՀՅԴ Երիտասարդականը դիմում է համազգային դիմադրության, որը պատրաստվում է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխություն առաջացնել։ Պայքարը պետք է մեկնարկի 5 հիմնական ճակատով։ Զարթոնքի և ազգային անկումը վերելքի վերածելու պահը հիմա՛ է»,- գրված է հաղորդագրության մեջ։

ՀՅԴ-ականներն այս պայքարը սկսում են` հաշվի առնելով հայկական պետության կործանման վտանգը և Արցախի ու Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը։
Նախատեսվում է ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք և հակաադրբեջանական պայքարին, գերտերություններին ասել, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի և հայության ազգային-պետական շահերի հաշվին, կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը։ ՀՅԴ Երիտասարդականը նաև պատրաստվում է պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի և Սյունիքից արտագաղթելու դեմ, ներազգային ճակատում համախմբել, կազմակերպել հայ երիտասարդությանը՝ ստեղծելով դիմադրության ցանցային կորիզներ։
Նրանք նաև կոչ են անում բոլոր երիտասարդներին միանալ շարժմանը։