ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Այս տարվա նոյեմբերից Հայաստանում ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով, բայց միայն նրանցը, ովքեր կամավոր ատեստավորվել են ու բարձր միավորներ հավաքել։ Աշխատավարձի ավելացումն էլ կլինի հավաքած միավորներին համարժեք։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ–ում այս տարի առաջին անգամ իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացին։
«Իրականացնում են մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր։ Խոսքը հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների մասին է»,– ասաց Փաշինյանը։
Առաջիկայում, նրա խոսքով, առարկաների ցանկը կընդլայնվի, բայց կամավորության սկզբունքը դեռևս կպահպանվի։
Ծրագրի հաջորդ փուլում արդեն ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը` ավելի բարձր չափանիշներով։ Այս գործընթացը, վարչապետի հաշվարկով, կտևի շուրջ 3 տարի, և դրանից օգտվելու հնարավորություն կունենան բոլոր առարկաների ուսուցիչները։
«Եվ եթե ուսուցիչը չի մասնակցի կամավոր ատեստավորմանը, բնականաբար կառավարության մոտ հարց կառաջանա` ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունից» ,– ասաց նա։
Ծրագրի արդյունքում, ըստ Փաշինյանի, Հայաստանի կրթական համակարգում կմնան բացառապես բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Իսկ այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն բարձր որակավորում, վարչապետը խոստացավ աջակցել մասնագիտական որակավորման դասընթացների արդյունքում այլ աշխատանք գտնելու հարցում։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ամփոփելով ատեստավորման առաջին փուլի արդյունքները, նշեց, որ դրան մասնակցել են նախապես գրանցված 1372 ուսուցիչներից 996–ը։ Նրանցից 468-ը ատեստավորման արդյունքում կստանան արդեն շուրջ 35- 60 հազար դրամով բարձրացված աշխատավարձեր` ըստ վաստակած միավորների։
Ատեստավորմանը մասնակցած մնացած 528 ուսուցիչները չեն հաղթահարել աշխատավարձի բարձրացման համար անհրաժեշտ միավորների շեմը։
Հետաքրքրական է, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկա առարկայից։ Մասնակիցների 87 տոկոսը հաղթահարել են շեմը։ Երկրորդ տեղում ֆիզիկան է` 56 տոկոսով, երրորդը` հայոց լեզուն` 41 տոկոս։
Ամենացածր ցուցանիշը գրանցվել է քիմիայից, որտեղ շեմը հաղթահարել են այդ առարկայից մասնակցած ուսուցիչների 11 տոկոսը։
Ըստ մարզերի` ամենաբարձր ցուցանիշներն ապահովել են ըստ հերթականության, Սյունիքի, Շիրակի ու Կոտայքի մարզի ուսուցիչները։
Դումանյանը հայտնեց, որ հաջորդ տարի կամավոր ատեստավորման գործընթացում կներառվեն արդեն բոլոր առարկաների ուսուցիչները։