Քաղաքական իշխող ուժն ապահովել է, որպեսզի քաղաքացին մտնի ընտրատեղամաս և քվեարկի այնպես, ինչպես ուզում է, այսինքն` ապահովել ենք մեր խոստումն առ այն, որ Հայաստանում այլևս ընտրությունների պատկերը չի խեղաթյուրվելու, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
«ՏԻՄ ընտրությունները մեզանում որպես քաղաքական գործընթաց չեն ընկալվում։ Քաղաքական ծրագրերի, հետագա զարգացման հայեցակարգերի ներկայացման տեսանկյունից ՏԻՄ ընտրությունները չեն ընկալվում այնպես, ինչպես ԱԺ ընտրությունները։ Հասարակությունը գիտակցում է, որ խորհրդարանական ընտրությունները երկրի զարգացման առումով ապագայի ընտրություններ են»,– նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։
Հովակիմյանի համար ամենացավալի իրողությունն իրավապահ մարմինների հաղորդագրությունն էր առ այն, որ, օրինակ, Գորիսում ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցների կողմից իրավախախտման ահազանգեր են ստացվել, որոնք կարող էին ազդել ընտրական գործընթացի վրա։ Ըստ նրա` իշխանությունն իր կողմից իրավախախտում թույլ չի տալիս, այլ ապահովում է, որ անցկացվեն ազատ, արդար, թափանցիկ ու մրցակցային ընտրություններ, հետևաբար իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված լուրերն անհիմն են։
«Մենք որպես քաղաքական իշխանություն`պահում ենք օրենքի տառը, պատասխանատու ենք, որպեսզի մյուսներն էլ վարվեն նման կերպ, բայցևայնպես լինում են դեպքեր, երբ ընդդիմադիր կառավարում ունեցող ՏԻՄ–երում փորձում են իրենց ունեցած իշխանության մասով ինչ–որ չարաշահումներ անել։ Անցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխանության նկատմամբ վստահության անկում չի եղել։ Ավելին, եթե անցած կիրակի տեղի ունենային ԱԺ ընտրություններ, ՔՊ–ն կհավաքեր ավելի շատ քվե, քան հունիսի 20-ին է հավաքել»,– նշեց պատգամավորը։
Հովակիմյանի կարծիքով` ՏԻՄ ընտրությունների արդյունքները ձևավորվում են անձերի հետ պայմանավորված գործոններով, պրոցեսը կարգավորվում է ներանձնային հատկանիշներով, ուստի համամասնական ընտրակարգին անցնելն ուղղված էր այդ երևույթը փոխելուն, որպեսզի ՏԻՄ ընտրություններն աստիճանաբար վերածվեն քաղաքական գործընթացի, ինչն էլ, Հովակիմյանի համոզմամբ, զարգացման հիմնական ուղին է։
Նրա խոսքով` այժմ որևէ կետից ոչինչ չի պարտադրվում, և աբսուրդ է ակնկալել, որ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կարձանագրի 100 տոկոսանոց հաջողություն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ նախնական տվյալների` Տաթև և Տեղ համայնքներում հաղթեց Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան» դաշինքը, Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։ Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին։