ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հոկտեմբերի 22-24-ը աշխատանքային այցով կլինի Տաջիկստանում:
Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 23-ին Զասը կայցելի «Հարբմայդոն» զորավարժարան, որը գտնվում է տաջիկա-աֆղանական սահմանից 20 կմ հեռավորության վրա: Այնտեղ տեղի կունենա ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2021», հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2021» և հավաքական ուժերի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների «էշելոն-2021» համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլը:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կհետևի զորքերի և հատուկ ստորաբաժանումների գործողություններին, որոնք կմշակեն սահմանամերձ զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողություն անցկացնելու խնդիրները` կապված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների կազմակերպության անդամ պետության տարածք ներթափանցելու փորձերի հետ:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: