ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանը նոյեմբերի 25-ին կքննի հարկադիր պատվաստման սահմանադրականությունը։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Պատգամավորը հիշեցնում է, որ դաշինքն արձագանքել էր առողջապահության նախարարի՝ փաստացի հարկադիր պատվաստման գործընթացի հրամանին և դիմում էր ներկայացրել ՍԴ և միջնորդություն՝ որպեսզի հակասահմանադրական հրամանը կասեցվի:
«Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել մեր դիմումը, որոշել է այն քննության առնել բանավոր ընթացակարգով, քննության օր է նշանակվել բավականին սեղմ ժամկետ՝ այն է՝ նոյեմեբերի 25-ը: Կասեցման միջնորդությունը, չնայած դրա հստակ հիմնավորվածությանը, բավարար կողմ ձայներ ՍԴ-ում չի հավաքել», - գրել է Վարդևանյանը։
Նա նշել է, որ իր կարծիքով պատվաստվելը ճիշտ է, դրան հարկադրելը՝ սխալ։
«Դեմ եմ որպեսզի կառավարությունը իր պարտականությունը հետազոտման ծախսերի փոխհատուցման՝ թողնի ժողովրդի վրա, սպառնալիքով խոսի ժողովրդի հետ, պարզ ու անկեղծ կոմունիկացնելու փոխարեն: Փաստ է, որ այսօրվա համաշխարհային առողջապահական համակարգը, կորոնավիրուսային համավարակի ու այս չարիքի դեմ, ավելի լավ լուծում քան պատվաստումն է՝ չունի, սակայն հարկադրանքի, հավելյալ ծախսեր ստեղծելու կամ սպառնալիքի պայմանները ևս անընդունելի են», - գրել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել այն որոշումը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։