ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` պատվիրակության կազմում եղել են Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանը, գլխավոր բժիշկ Անժելիկա Միլիչկինան, ինովացիոն գծով տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Եգորովան և կենտրոնական կլինիկոախտաբանական լաբորատորիայի վարիչ Իրինա Խամիտովան։
«ՌԴ պատվիրակության եռօրյա այցի նպատակն է ուսումնասիրել և մեթոդական օժանդակություն ցուցաբերել հայ մասնագետներին կորոնավիրուսային համավարակի պայմաններում «SARS COV-2» վիրուսի նկատմամբ Հայաստանի բնակչության պոպուլյացիոն իմունիտետի գնահատման և հետազոտության իրականացման հարցում»,– տեղեկացնում է գերատեսչությունը։
Հանդիպման ընթացքում Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանը ներկայացրել է զեկույց` տարածաշրջանում իրականացված կորոնավիրուսային համավարակի պայմաններում «SARS COV-2» վիրուսի նկատմամբ վիճակագրության տվյալների վերաբերյալ` հիմնված Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի վիճակագրական ցուցանիշների վրա: