ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ը շարունակում է մնայուն արժեք լինել, որն անհրաժեշտ է պահպանել, և վերակազմավորման դեպքում «ջրի հետ երեխային էլ դուրս չգցել»: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Վալդայի համաժողովում իր ելույթի ընթացքում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է մնա Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ երկրների» ողորմածությանը։ Թուրքիայի առաջնորդը կարծում է, որ անհրաժեշտ է վերակազմավորել ՄԱԿ-ը և ավելացնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվը։
Պուտինը նշել է, որ «Էրդողանը ճիշտ է, որ Երկրորդ համաշխարհայինից հետո ուժերի որոշակի հավասարակշռություն կար, և հիմա այն փոխվում է, բայց չի կարելի սխալներ թույլ տալ ՄԱԿ-ի վերակազմավորման հարցում, պետք չէ իրար խառնվել»։
«Գլխավոր միջազգային ինստիտուտը՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, բոլորի համար մնայուն արժեք է մնում, համենայն դեպս՝ այսօր։ Կարծում եմ, որ ներկայիս անհանգիստ աշխարհում հենց ՄԱԿ-ն է հանդիսանում Միջազգային հարաբերությունների այն առողջ պահպանողականության կրողը, որն այդքան անհրաժեշտ է իրավիճակի կարգավորման համար»,-նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ին շատ են քննադատում, ասում են, որ նա չի հասցնում հարմարվել սրընթաց փոփոխություններին, և «մասամբ դա ճշմարիտ է իհարկե»:
«Հավանաբար, դա ոչ միայն բուն կազմակերպության մեղքն է, այլ առաջին հերթին՝ դրա մասնակիցների։ Բացի այդ, այս միջազգային կառույցը ոչ միայն նորմերի, այլ նաև նորմերի ստեղծման ոգու կրողն է՝ հիմնված հավասարության սկզբունքների և բոլորի կարծիքը առավելագույնս հաշվի առնելու վրա»,-կարծում Է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը վստահ է, որ անհրաժեշտ է պահպանել այդ հարստությունը։
Պուտինը հայտարարել է, որ ՄԱԿ-ի վերակազմավորման վերաբերյալ տարբեր որոշումներ են հնարավոր, բայց եթե վերացնենք մշտական անդամների վետոյի իրավունքը, ապա կազմակերպությունը նույն օրն ևեթ կմահանա:
Խոսելով Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու` այլ պետությունների հնարավորությունների մասին՝ Պուտինը նշել է, որ դա Ռուսաստանի որոշելիքը չէ, դա հարկավոր է վճռել կոնսենսուսի ճանապարհով։ Նրա խոսքով՝ հարցն այն է, թե ինչպես պետք է հավասարակշռություն գտնվի։
«Եթե մենք ոչնչացնենք մշտական անդամների վետոյի իրավունքը` նույն օրը ևեթ Միացյալ Ազգերի կազմակերպությունը կմեռնի․․․ Այն կվերածվի Ազգերի լիգայի։ Վերջ»,-ասել է ՌԴ նախագահը։
Նա նաև կատակել է, որ այդ դեպքում ՄԱԿ-ը կվերածվի բանավեճերի հարթակի, թիվ երկու «Վալդայ» ակումբի։