Մոսկվան կողմ է Բաքվի և Թեհրանի միջև սահմանին լարվածության նվազեցմանը. Զախարովա

Ռուսաստանը ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվան մշտապես հանդես է եկել Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազեցման օգտին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս երկու պետություններին առնչվող բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Բարիդրացիության ոգով է, որ պետք է հաղթահարել տարաձայնությունները»,-ասել է Զախարովան:
Ռուսաստանը կողմ է Ղարաբաղի վերաբերյալ բոլոր դրույթների անվերապահ կատարմանը. Զախարովա
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար: Մոսկվան ելնում է այն ենթադրությունից, որ նման աշխատանքը պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում ՝ Իրանի շահերը:
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Իրանը և Ադրբեջանը մի քանի անգամ հանդես են եկել փոխադարձ մեղադրանքներով, ադրբեջանական կողմը անգամ ձերբակալել էր Արցախից Հայաստան մեկնող բեռնատարերի վարորդներին։
Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին
Ամենաթարմ սկանդալից էլ մի քանի օր է անցել՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կոշտ արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանն ու Իրանը համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Շամխանին Ալիևին «սատանա» է կոչել։ Ավելի վաղ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն էլ սպառնացել էր Ադրբեջանին «վերացմամբ», եթե շարունակի իր հռետորաբանությունը Իրանի դեմ։