ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանն առանձնացնում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումները։
«Ընտրություններից հետո ստանալով մանդատ խաղաղության դարաշրջանը բացելու համար՝ մենք կարևորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը։ Ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական։ Տնտեսական կարգավորումը մեզ համար լայն հնարավորություններ է բացում։ Միայն եթե նայեք Երևան-Կարս երկաթգծին, կտեսնեք, թե տնտեսական որքան հնարավորություններ են բացվում», - ասել է Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով՝ Թուրքիան էլ է շահելու Երևան-Կարս երկաթուղուց, քանի որ դրա այլընտրանքը չունի։
Հարցին՝ Արցախյան պատերազմը գրվել էր Թուրքիայի ձեռամբ և Էրդողանը նպատակ ունի «Մեծ Թուրան» ստեղծելու, Գրիգորյանը պատասխանել է, որ Հայաստանը չի քննարկում իր տարածքով միջանցքի հարց։