ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Օտարերկրյա պետություններում առաջիկայում կնշանակվեն Սփյուռքի գործերի հանձնակատարներ։ Նոր կարգավիճակ ենթադրող այս որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։
Ըստ որոշման` Սփյուռքի գործերի հանձնակատարները կնշանակվեն ՀՀ վարչապետի որոշմամբ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ Նրանք չեն վարձատրվի, չեն ունենա նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ:
Մինչ որոշման հաստատումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկեց որոշման նախագծից հանել հանձնակատարների նշանակումը օտարերկրյա պետության հետ նախապես պայմանավորելու մասին նախադասությունը։
«Սա այն ընթացակարգն է, որը ենթադրում է դեսպանների ու մշտական ներկայացուցիչների նշանակումը և խնդիրներ է առաջացնելու հանձնակատարների այդ պետությունում համաձայնեցման կարգի հետ։ Դա դիվանագիտական անձ չէ, այլ համայնքի հետ աշխատող անձ»,– պարզաբանեց Միրզոյանը։
Նախարարի առաջարկն ընդունվեց։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց որոշումը հաստատել առանց խնդրահարույց նախադասության։
«Հետո պրակտիկայում կտեսնենք` ինչ խնդիրներ են առաջանում, առաջանում են, թե չէ։ Յուրաքանչյուր դեպքում առանձին անդրադարձ կունենանք` ըստ իրադրության ու իրավիճակի»,– ասաց Փաշինյանը։
Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման նպատակը, ըստ հրապարակված նախագծի, Հայաստան-սփյուռք գործակցությունը զարգացնելն է, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելը, հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը ապահովելը, ինչպես նաև հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանն աջակցելը: