ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը, որն ամիսներ շարունակ կալանավորված էր, օրերս ազատ է արձակվել և երեկ մասնակցել դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ անցկացված խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքը։
«Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից և ոչ մեկում չի հանդիպել մի իրավիճակ, երբ ընդդիմադիր երեք պատգամավոր առանց անձեռնմխելիության հաղթահարման հայտնվեն անազատության մեջ։ Կարևորելով այն, որ տևական ապօրինի կալանավորումից հետո Արթուր Սարգսյանն արդեն օբյեկտիվորեն կարող է իրացնել իր պատգամավորական մանդատը, մյուս կողմից պետք է ընդգծենք, որ ընդդիմադիր ևս երկու պատգամավոր՝ Արմեն Չարչյանը և Մխիթար Զաքարյանը, շարունակում են խայտառակ ապօրինի եղանակով մնալ անազատության մեջ»,– նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ ստացավ «Հայաստան» դաշինքի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։ Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն ներկայացրեց Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարեց միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվեց, երկու օր անց կալանավորվեց։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։
Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ նա ազատ կարձակվի 20 մլն դրամ գրավի դիմաց։