ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանական բեռնատարների երկու վարորդներին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով մաքսային պետական կոմիտեին։
Ըստ հաղորդագրության` վարորդներին արդեն հանձնել են Իրանին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։ Սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։
Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ նրանք նույնիսկ ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների՝ մեղադրելով Արցախ ապօրինի բեռներ տեղափոխելու համար։