ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Երևանում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի օրակարգի կարևոր հարցերից էր երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի արդյունաբերության նախարարության արտաքին առևտրի ոլորտում միջազգային կոոպերացիայի և լիցենզավորման վարչության պետ Ռոման Չեկուշովը։
Մոտ երկու տարի քննարկվում է լաստանավերի գնման հարցը, դրանք ավելի վաղ օգտագործվում էին Կերչի անցատեղում: Ղրիմի կամրջի բացման պես լաստանավերի անհրաժեշտությունը գրեթե չկա, ու դրանք կարելի է շահավետ պայմաններով ձեռք բերել։
«Հայաստանի տարածքային կառավարման նախարարության գործընկերների հետ քննարկել ենք նաև այդ տարբերակը, բայց, հնարավոր է, ավելի լավ է սկսել փոխադրումներն այդ ուղղությամբ գործող լաստանավային օպերատորների հետ։ Եթե բեռնահոսքն այնքան մեծանա, որ նոր լաստանավեր պետք լինեն, մենք պատրաստ ենք տրամադրել ՌԴ-ի իրավասության տակ գտնվող նավերը», - նշեց առևտրի նախարարության ներկայացուցիչը։
Եթե կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը վերսկսվի, Հայաստանից բեռնատար կազմերը կարող են բեռնվել, ապա՝ բեռնաթափվել ու շարունակել երթևեկել Ռուսաստանի տարածքով:
Գյուղատնտեսության ոլորտում ռուսական ձեռնարկությունները պատրաստ են առաջարկել ինչպես գյուղատնտեսական տեխնիկայի և պարարտանյութերի, այնպես էլ կոմպոզիտային հակակարկտային ցանցեր:
Լոգիստիկան Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի արդիական հարցերից է։
Ցամաքային ճանապարհը միայն մեկն է՝ Վերին Լարսի լեռնանցքով։ Գործում է նաև Սև ծովում լաստանավային անցումը, որը վրացական Փոթին կապում է Ռուսաստանի Կովկաս նավահանգստի հետ: Սակայն Չեկուշովը հիշեցրեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում այս երթուղում կանոնավոր աշխատող լաստանավեր գրեթե չկան։
Քննարկվել է նաև Հայաստանում մշակելու համար Ռուսաստանից ալմաստների մատակարարման ընդլայնումը (սա Ռուսաստանի ու Հայաստանի միջև առավել զարգացած կոոպերացիոն արտադրական շղթաներից է):
Պետք է միայն հաշվի առնել, որ Ռուսաստանում թանկարժեք մետաղների շրջանառության կարգավորումն ավելի խիստ է, քան ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում։ Այդ պատճառով մոտ ապագայում կտրուկ բեկում լինել չի կարող։ Բայց և՛ այս համաժողովում, և՛ Սանկտ-Պետերբուրգում քննարկվել են թանկարժեք մետաղների և քարերի արտահանման պահանջները մեղմելու հնարավորությունները։
Չեկուշովն ավելացրեց, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանում առաջ տանել նաև ԳԼՈՆԱՍՍ-ի (Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) հիման վրա նավիգացիոն նախագծերը։ Հաջորդ տարի նման նախագծերի մշակման ուղղությամբ նպատակային հանդիպումներ կանցկացվեն:
«Ռոսատոմ» պետական կորպորացիան կշարունակի աշխատել հայ գործընկերների հետ և՛ Մեծամորի ԱԷԿ-ի վերակառուցման, և՛ նոր ատոմակայանի կառուցման ծրագրերի ուղղությամբ:
Դրա հետ մեկտեղ «Ռոսատոմը» ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ ոչ միջուկային նախագծեր է քննարկում, մասնավորապես՝ աղբայրիչ էլեկտրակայանների կառուցման ու վտանգավոր քիմիական թափոնների վերամշակման ուղղությամբ:
Վերջապես, քննարկվել են նաև «Գեոպրոմայնինգ» ընկերության համար ֆինանսավորման հնարավորությունները։ Ընկերությունը վերջերս գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն ու շահագործելու է Քաջարանի հանքավայրը, ինչպես նաև պղնձաձուլական գործարանի շինարարություն է ծրագրում:
«Սա ծավալուն նախագիծ է, բայց մենք ունենք գործիքներ և՛ նախագծի ֆինանսավորման, և՛ մի շարք ծախսերի փոխհատուցման համար»,- ամփոփեց Չեկուշովը:
Հիշեցնենք, որ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների, Enterprise Armenia հիմնադրամի, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության, ինչպես նաև Ռուսական արտահանման կենտրոնի աջակցությամբ: