Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը չի բացառում, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարող է նշանակվել կոմբինատի տնօրեն։
«Չեմ կարծում, որ Տիգրան Ավինյանն ունի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, որ կարողանա ղեկավարել այնպիսի կառույց, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, բայց ես ոչինչ չեմ բացառում և չեմ զարմանա, որ Տիգրան Ավինյանը կարող է լինել տնօրեն կամ Հակոբ Արշակյանը, կամ Ռուբեն Ռուբինյանը...»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով` տրամաբանությունը հուշում է, որ ընկերության տնօրենը պետք է լինի մեծ բաժնետերի կողմից նշանակված մարդ, ոչ թե կառավարությունից, որն ինչ-ինչ ճանապարհներով տիրացել է բաժնետոմսերի 15 տոկոսին։ Հակոբյանը վստահ է, որ այս պահին ընկերության տնօրենի պաշտոնի հարցով կուլիսային քննարկումներ են ընթանում։
«Ընկերության մեծ բաժնետերը «Գեոպրոմայնինգ» ընկերությունն է։ Թե նոր ու հին բաժնետերերը ներկա կառավարության հետ ինչ բանակցություններ են վարում տակից, չեմ կարող ասել»,- հավելեց Հակոբյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։
Քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։