ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հունաստանի խորհրդարանի նախագահը շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարևորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Հունաստանի խորհրդարաններն այս ծրագրի իրականացման հաջողված և օրինակելի փորձ են կուտակել:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համաժողովին մասնակցության հրավերի համար՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է բարեկամ հույն ժողովրդին Հունաստանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման ազգային հեղափոխության 200-ամյակի կապակցությամբ:
Կողմերը փաստել են, որ հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ ընդգծելով երկկողմ բազմոլորտ հագեցած օրակարգի առկայությունը:
Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ հարթակներում:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս խորհրդարանական ձևաչափում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարևորել է Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո կարգավորելու հարցում:
Հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել ճեպազրույցով: