ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարն ու դեսպանն ընդգծել են հայ-բրազիլական քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ բարձր մակարդակներում փոխայցելությունների իրականացման միջոցով:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ։ Առանձնահատուկ ընդգծվել է բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, մարդկային շփումների, գյուղատնտեսության ոլորտները։
Միրզոյանն ու Սանկտոսը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում:
Կողմերը գոհունակություն են հայտնել նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։