ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Պետական համակարգում իրականացվող գնումների ծավալում մեկ անձից` առանց մրցույթի իրականացվող գնումները շուրջ 3 տոկոս են կազմում։ Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը` արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի դիտարկմանը, թե մեկ անձի գնումների ավելացման պատճառով իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի մեջ։
«Կան կետեր, որտեղ ակնհայտ է, որ գնումները պետք է մեկ անձից իրականացվեն։ Օրինակ` հանրային ծառայությունները` էլեկտրաէներգիա, գազ և այլն։ Մեկ անձից իրականացվող գնումների մեծ մասը առողջապահական համակարգն է իրականացնում, և սա կապված չէ COVID-ի հետ։
Հարցն այն է, որ առողջապահական ծառայությունների 90 տոկոսը մատուցվում է հետևյալ կերպ. եթե մենք ունենք մարզում հիվանդանոց, ապա պատվերն իջեցվում է ուղղակի հիվանդանոցին` առողջապահական ծառայություններ մատուցելու համար։ Ընդհանուր գնումներում մեկ անձից գնումները շուրջ 40 տոկոս են կազմում, դրանից 90 տոկոսը առողջապահությունն է, 5-7 տոկոսը` հանրային ծառայությունները և միայն մնացած շուրջ 3 տոկոսը` ուղղակի մեկ անձից կատարվող գնումներ են»,– ասաց Ավանեսյանը։
Ֆինանսների փոխնախարարը նաև շեշտեց, որ այդ գնումների շարքում են նաև պաշտպանության ոլորտի գնումները, երբ որոշ ապրանքներ հնարավոր է ձեռք բերել միայն կոնկրետ արտադրողից։
Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, սակայն, հայտարարեց, որ ընդդիմությունը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է ահազանգել գնւմների համակարգում առկա ռիսկերի մասին։
«Հերթական մեր ահազանգը մնաց անպատասխան, մասնավորապես՝ Սյունիքում ամիսներ առաջ 6.2 մլրդ գոуմարը բաշխվեց 3 ընկերությունների միջև։ Թե որ սկզբունքով էր դա կատարվել, մեզ համար պարզ չէ։ 3 ընկերությունները շինարարական ու ճանապարհաշինական են։ Հավատացեք` Սյունիքում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք կարող են այդ նույն աշխատանքները կատարել»,– ասաց Հակոբյանը։
Կառավարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ գործադրի մոտեցումը մեկ անձից գնումները բացառելն է։ Սակայն, նրա խոսքով, լինում են հրատապ իրավիճակներ, երբ տվյալ ենթակառուցվածքի ստեղծումը գերակայում է մրցակցության նկատմամբ, որի համար անհրաժեշտ է որոշակ ընթացակարգ իրականացնել։