ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սյունիքի մարզի համայնքներում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների քվեների վերահաշվարկի արդյունքները։
Դրանց արդյունքում Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել, իսկ անվավեր քվեաթերթիկներն ավելացել են 1-ով։
Տեղ համայնքում 1-ով ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները։
Տաթև համայնքում «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ձայներն ավելացել են 3-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն ավելացել են 8-ով, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, ևս 3-ով ավելացել է անճշտությունների թիվը։
Այսպիսով` վերահաշվարկի արդյունքները չեն փոխել ընտրությունների ելքը։
ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ–ն կհրապարակի դրանց անցկացումից հետո 7-րդ օրը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ նախնական տվյալների` Տաթև և Տեղ համայնքներում հաղթեց Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան» դաշինքը, Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։ Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: