ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Երևան–Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած սարսափելի ՃՏՊ–ից հետո ՀՀ դատախազությունը իրավասու մարմինների պատասխանատու ներկայացուցիչները հրավիրել է ողբերգական ավտովթարի վայր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում` Կաքավաձոր գյուղի մոտ, ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդը, չորս ուղևորներ, իսկ 17 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ ), 230-րդ -րդ հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեպքի վայր է մեկնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը՝ իրականացվող գործողություններին տեղում հետևելու, իրավիճակը և հատկապես ողբերգությանը նպաստող պայմանները, պատճառները գնահատելու անհրաժեշտությունից ելնելով:
Այդ նպատակով դատախազության նախաձեռնությամբ դեպքի վայր են հրավիրվել նաև ՀՀ ՃՈ ծառայության պետի պաշտոնակատար Եգոր Կարապետյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ տնօրեն Ստեփան Մաչյանը:
Տեղում արձանագրվել է, որ դեպքը տեղի ունեցել Մ-1 ճանապարհի այն հատվածում, որտեղ «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին:
«Չնայած տրանսպորտային երթևեկությունն ակնհայտորեն բարդացնող այդ գործոնին՝ դեպքի վայրում բացակայել են երթևեկության՝ սահմանափակող և նախազգուշացնող նշանները, պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի կոնկրետ տվյալ հատվածի՝ բնականոն երթևեկության համար բարձր ռիսկայնության խնդիրը և հրատապ կերպով դրա չեզոքացման անհրաժեշտության հարցը դատախազությունը բարձրացրել էր ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, իրավասու մարմինների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի և այլ կառույցների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրված խորհրդակցությանը:
Այսինքն՝ քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ են տրվելու ոչ միայն տրանսպորտային միջոց վարելու, այլ նաև իրավասու շրջանակների կողմից երթևեկության անվտանգության ճանապարհաշինարարական նորմերն ու պահանջները պահպանելու պարտականությունների կատարմանը:
Խնդիր է դրվել այդ ճանապարհային գոտիները կահավորել համապատասխան նշաններով, գծանշումներով, լուսանդրադարձիչներով արագությունը սահմանափակող արհեստական անհարթությամբ, ճանապարհի՝ զառիվար թեքությունները հարթեցնելու նպատակով իրականացնել հողալցման աշխատանքներ: Քննարկվել է նաև այդ և մյուս վտանգավոր հատվածներում արագաչափ սարքերի տեղակայման հնարավորությունը:
Գլխավոր դատախազի տեղակալը ոստիկանությանը հանձնարարել է մինչև այս աշխատանքներն ավարտելը նշված հատվածներում իրականացնել Ճանապարհային ոստիկանության մշտական խստացված ծառայություն: