ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյան տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում։
ՀՀ կառավարությունն առաջարկում է վավերացնել «Տրանսպորտային միջոցի անձնագրի և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագիրը։ Հարցն այսօր քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը պարզաբանեց, որ տվյալ համաձայնագրով անդամ երկրներում ստեղծվում է բոլոր տեսակի ավտեմեքենաների մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, ինչը, ըստ նրա, թույլ կտա մոնիթորինգ իրականացնել ու նաև հասկանալ, թե ինչ գործառույթ է իրականացնում տվյալ ավտոմեքենան։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ Հայաստանը համաձայնագրին միանում է վերապահումով։
«Նմանատիպ վերապահում արձանագրել է նաև համաձայնագրի հիմնադիր անդամ Ղազախստանը։ Սույն համաձայնագրի ազդեցությունը չի տարածվելու ՀՀ ԶՈւ և այլ զորքերի ինքնագնաց մեքենաների վրա, տեխնիկայի այլ միջոցների ու հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա»,– ասաց Սիմոնյանը։
Հարցի քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության առաջարկած նախագին, և այն առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխվարչապետների կողմից 2018թ. հունիսի 23-ին: Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացրել են միայն Ռուսաստանի Դաշնությունն ու Ղրղզստանի Հանրապետությունը: