Երևանում նախատեսվում է տեղադրել Ալբերտ Ազարյանի արձանը

Երևանի ավագանուն միջնորդությունը ներկայացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևանում կտեղադրվի 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Երևանի ավագանին հոկտեմբերի 26-ին կայանալիք ավագանու նիստին կքննարկի Մոսկովյան 3 հասցեում՝ «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում, Ալբերտ Ազարյանի արձանը տեղադրելու հարցը։ Միջնորդությունը ներկայացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն` օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
1952 թվականին առաջին անգամ ԱլբերտԱզարյանը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից,
1954-ին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։
1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից:
1956 թվականին Ավստրալիայում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։
1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։
1960 թվականին Իտալիայում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։
1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից և դարձել բացարձակ չեմպիոն։
Այսպիսով՝ Ալբերտ Ազարյանը մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման, որից 9-ը՝ օղակների համարով:
Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին