ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած վթարից տուժած անձանց թիվն ավելացել է մեկով և դարձել 14։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նա տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Տուժածի վիճակը գնահատվում է բավարար»,- գրված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` այսօր առավոտյան` 07։04-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաքավաձոր գյուղի մոտ, «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ըստ նախնական տվյալների` 13 մարդ էր տուժել, որոնք տեղափոխվել էին «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ։ «Արմենիա» ԲԿ-ում գտնվողներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսն էլ վիրահատվել են։ Աշտարակի ԲԿ-ում էլ գտնվում է 3 տուժած․ նրանց վիճակը գնահատվում է բավարարից մինչև միջին ծանրության։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, Sputnik Արմենիայի տեղեկություններով` ևս 1-ն էլ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիային ասել էր, որ քննիչներն աշխատում են դեպքի վայրում։ Ոստիկանությունն էլ միջոցառումներ է ձեռնարկում վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ։