ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մարզիկների կոմիտեի նախագահ։ Տեղեկությունը հայտնում է WWW-ի պաշտոնական կայքը։
Ջուլֆալակյանը գործընկերներին շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար։
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մարզիկների կոմիտեի իմ գործընկերներին՝ ընտրությունների ժամանակ ինձ վստահելու և աջակցելու համար։ Մեծ պատիվ է գլխավորել մարզիկների կոմիտեն»,- ասել է Ջուլֆալակյանը։
Արսեն Ջուլֆալակյանը մարզիկների կոմիտեում է 2017 թվականից, իսկ այժմ ընդգրկվելու է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյում: Նա նաև կներկայացնի ըմբիշների շահերը ՄՕԿ-ի մարզիկների համաժողովում, WADA - ում և այլ մարզական կազմակերպություններում: