ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Գերոֆարմ» ընկերությունը պատրաստ է Հայաստանի առողջապահության նախարարությանը ինսուլին առաջարկել անհամեմատ ցածր գնով։ Sputnik Արմենիային թղթակցին տեղեկությունը հայտնեց ընկերության արտահանման բաժնի նախագծային մենեջեր Եվգենի Կալինինը։
Ընկերությունը պատրաստվում է առաջիկայում իր արտադրանքը ներկայացնել նախարարությանը՝ ինսուլին և շաքարախտի բուժման համար նախատեսված այլ դեղամիջոցներ, ինչպես նաև հարակից ապրանքներ (գլյուկոմետր, ներարկիչ-գրիչներ և այլն)։
Այժմ Հայաստան ինսուլին ներկրողները «մեծ եռյակի» ընկերություններն են (Ely Lilly, Sanofi, Novo Nordisk)։ Հաշվի առնելով Հայաստանում գնումների ծավալները (ինսուլինից կախում ունեցողները դեղամիջոցները ստանում են պետությունից)` բյուջեն կարող է միլիոնավոր դոլարներ խնայել։
«Մենք արդեն մատակարարումներ ենք իրականացնում Ռուսաստանում և սկսել ենք ղազախստանյան մատակարարումները, հաջողությամբ մրցակցում ենք արտադրողների մեծ եռյակի հետ։ Բնականաբար, ունենք որակի ամբողջական սերտիֆիկացում, այդ թվում՝ GMP (արտադրության համար) և GLP (լաբորատորիայի համար)»,- նշեց Կալինինը։
Բացի վաճառքից, ընկերությունը պատրաստ է փորձի փոխանակման նպատակով բժշկական համայնքների պարբերական հանդիպումներ կազմակերպել հայ և ռուս բժիշկների միջև:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում դեղերի գրանցումն առայժմ իրականացվում է յուրաքանչյուր պետությունում առանձին։ Բայց երբ ուժի մեջ մտնեն ընդհանուր կանոնները, ԵԱՏՄ անդամ երկրներից մեկում դեղամիջոցի գրանցումը կտարածվի ամբողջ միության վրա։