Քաղաքակա՞ն, թե՞ հոգևոր որոշում. ինչո՞ւ ստեղծվեց Ռուս ուղղափառ եկեղեցու հայաստանյան թեմը

Քանաքեռի Պոկրովյան եկեղեցին
Sputnik
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 15-ին Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) Սրբազան Սինոդը Հայաստանում թեմ ձևավորելու մասին որոշում է կայացրել։ Եվ անմիջապես որոշ ուժեր սկսեցին արհեստականորեն քաղաքականացնել այդ որոշումը և ներկայացնել այն որպես Ռուս ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու միջև առճակատման հետևանք։ Արդյոք դրա համար իրական հիմքեր կան։
Երևանում ռուս ուղղափառ եկեղեցի կկառուցվի. արքեպիսկոպոս Լեոնիդը հայտնել է վայրը
«Հայաստանի Հանրապետության սահմաններում ձևավորել Ռուս ուղղափառ եկեղեցու թեմը։ Երևանի և Հայոց թեմի թեմական եպիսկոպոսին «Երևանի և Հայոց» տիտղոս տալ ու Երևանում տաճա ունենալ», - նշված է Սինոդի որոշման մեջ:
Եպիսկոպոսի ենթակայության տակ կլինեն Երևանում, Գյումրիում և Վանաձորում գործող վեց եկեղեցիներ։ Մայրաքաղաքի Քանաքեռ թաղամասում գտնվող Պոկրովյան եկեղեցին կդառնա մայր տաճար։
Թեմը կղեկավարի Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահի տեղակալ, արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին: Ընդ որում, վարչության փոխնախագահի պաշտոնը կպահպանվի։
Հայաստանը դժվարությունները կհաղթահարի ՌԴ-ի և Ռուս ուղղափառ եկեղեցու օգնությամբ. Գարեգին Բ
Ստավրոպոլում ծնված 53-ամյա Լեոնիդ Էդուարդի Գորբաչովը (արքեպիսկոպոսի աշխարհիկ անունը) մինչև Երևանում նշանակվելը հասցրել է հայրենիքից դուրս ծառայության հարուստ փորձ կուտակել՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, Հունաստանում, Իսրայելում, Եգիպտոսում, գլխավորել է Հարավային Ամերիկայի թեմը։ 2016 թվականի դեկտեմբերին նշանակվել է Հայաստանի ծխերի պատասխանատու։ Այսինքն, թեմից առաջ էլ հենց նա էր պատասխանատու Հայաստանում ՌՈւԵ-ի բոլոր ծխերի համար։ Բայց ինչո՞վ էր պայմանավորված ծխերը ինքնուրույն թեմի վերածելու որոշումը։
Կարծիքները տարբեր են։ Օրինակ` «Credo Press» կրոնական-վերլուծական հարթակի գլխավոր խմբագիր, կրոնական մեկնաբան Ալեքսանդր Սոլդատովը պնդում է, որ այդ որոշմամբ Համայն ռուսիո պատրիարքը, իբր, ձգտում էր մարտահրավեր նետել Ամենայն հայոց կաթողիկոսին, որի հետ, իբր, քաղաքական բնույթի տարաձայնություններ ունի։ «Նովայա գազետայի» իր հոդվածում Սոլդատովը գրում է. «Ամբողջ պատմության ընթացքում ռուսական եկեղեցին հարգել է հայկական եկեղեցու «ինքնիշխանությունը» և չի ներխուժել նրա տարածք: Իսկ այժմ ՌՈւԵ-ն թեմ է ստեղծում հենց Երևանում, ինչը կանոնական իրավունքի տեսանկյունից նշանակում է չճանաչել այնտեղ գոյություն ունեցող Հայոց հիերարխիան՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ»։
Բաքուն գոհ է․ Ղազանչեցոցի հայկական ծագման հարցում ուղղափառ հոգևորականներ են կասկածում
Հեղինակի տրամաբանությունը առնվազն տարօրինակ է։ Ռուս ուղղափառ եկեղեցին երկրի սահմաններից դուրս տասնյակ թեմեր ունի։ Կուզենայի հասկանալ՝ արդյո՞ք Մոսկվայի պատրիարքարանը չի ճանաչում այդ երկրներում գոյություն ունեցող կաթոլիկ, լյութերական, անգլիկան, հուդայական, սունիական, շիական, հինդուիստական, բուդդայական հիերարխիաները և դրանց առաջնորդներին։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։
Եթե ՌՈւԵ Սրբազան Սինոդի որոշումը գոնե ինչ–որ վտանգ ներկայացներ Հայ Եկեղեցու համար, հազիվ թե Գարեգին Բ-ն անձամբ խնդրեր ռուս պատրիարքին արագացնել Երևանում թեմի հիմնման հարցի լուծումը։ Իսկ այն մասին, որ կաթողիկոսը նման կոչով իսկապես դիմել է, վկայում է երկու հոգևոր առաջնորդների՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած զրույցի ներածական մասի սղագրությունը։
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին
«Այս հանդիպումը նաև հնարավորություն է քննարկելու Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչության հետ կապված հարցերը։ Ցավոք, այդ հարցի լուծումը ձգձգվում է։ Բայց մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս հարցը կլուծվի, և ռուսական եկեղեցին Հայաստանում կներկայացվի բարձր մակարդակով», - ասել է Գարեգին Բ-ն։ Ներկայացուցչության ամենաբարձր մակարդակը, ինչպես հայտնի է, հենց թեմն է։ Այնպես որ, Ալեքսանդր Սոլդատովի այն պնդումը, թե Երևանում ՌՈւԵ թեմի ստեղծումը Հայ առաքելական եկեղեցու կանոնական տարածքի նկատմամբ նկրտումների դրսևորում է, ոչ մի քննադատության չի դիմանում։
Սոլդատովի հետ բանավեճի մեջ է մտել կրոնագիտության ոլորտում մեկ այլ հայտնի փորձագետ, «Ռեգնում» գործակալության եկեղեցական-քաղաքական խմբագրության գլխավոր խմբագիր Ստանիսլավ Ստրեմիդլովսկին։
Գարեգին Բ-ն ու Պատրիարք Կիրիլը քննարկել են իրավիճակն Արցախում
«Մոսկվայի պատրիարքարանը չի պատրաստվում հայերին դեպի ուղղափառություն դարձնել։ Այնպես որ, Էջմիածնի համար Ռուս ուղղափառ եկեղեցուց վախենալու հիմքեր չկան», - նշում է նա։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Առաքելական եկեղեցու որոշ հիերարխների մոտ, իրոք, երբեմն մտավախություն է առաջանում, որ հայերը կարող են կրոնափոխ լինել և ուղղափառ դառնալ։ Բանն այն է, որ Հայաստանում գործող ուղղափառ եկեղեցիների ծխականների զգալի մասը էթնիկ հայեր են կամ խառը ընտանիքների անդամներ։
Հոգևորականները մեծամասամբ ռուս-հայկական խառը ընտանիքներում ծնված որդիներ են՝ աբեղա Դավիթ Աբրահամյան, սարկավագ Մակարիա Հովհաննիսյան, քահանա Արսենի Գրիգորյանց... Բայց ոչ մի հիմք չկա խոսելու Հայաստանում «ուղղափառ միսիոներության» սպառնալիքի մասին։ Հայաստանում ուղղափառ հոգևորականներին երբեք դավանափոխության քարոզչություն չեն իրականացրել։ Եվ այս խնդիրը հաստատ չի կարող ուղղակի կապ ունենալ ռուսական եկեղեցու ներկայացուցչության կարգավիճակի հետ։ Այնպես որ, Երևանում թեմի հիմնումը որևէ կերպ չի կարող սպառնալ ո՛չ Հայ առաքելական եկեղեցու ամբողջականությանը, ո՛չ էլ դրա հեղինակությանն ու ազդեցությանը ։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները գերիներին ազատ արձակելու կոչ են արել
Կրոնագետ Ալեքսանդր Սոլդատովը պնդում է, որ Երևանում թեմ հիմնելու որոշումը, իբր, նաև քաղաքական ենթատեքստ է ունեցել։ Նա պատահական չի համարում այն փաստը, որ Սինոդը նիստ է հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումից անմիջապես հետո։ Պատրիարք Կիրիլի միջնորդությունը չի հարթեցրել հակադրությունը Գարեգին Բ-ի ու Ալլահշուքյուր Փաշազադեի միջև։ Սոլդատովն ակնարկում է, որ Մոսկվայի պատրիարքարանում հույս ունեին, թե Հայոց կաթողիկոսի հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվել։ «Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին չի հաջողվել պատրիարք Կիրիլի հովանու ներքո որևէ բանի շուրջ համաձայնության գալ։ Հայաստանում ռուս ուղղափառ եկեղեցու թեմի շուտափույթ ստեղծման մասին որոշումը հնչեց որպես պատրիարք Կիրիլի պատասխանը Գարեգին Երկրորդի հռետորաբանությանը», - գրում է կրոնագետը։
Եվ կրկին նրա հետ դժվար է համաձայնել։ Ամենայն հայոց կաթողիկոսի հռետորաբանությունը խիստ կոռեկտ և զուսպ էր։ Մոսկովյան հանդիպումից սպասելիքներն էլ ավելի շատ կապված էին երրորդ մասնակցի մոտեցումների հետ, որը կարծես թե այդպես էլ պատրաստակամություն չդրսևորեց աջակցել գերիներին ազատ արձակելու հարցում։
Արքայական հարսանիք. Ռոմանովների ժառանգորդի պսակադրությունը Սանկտ Պետերբուրգում
Չգիտեմ՝ որքանո՞վ է թեմի հիմնումը երկրորդ արցախյան պատերազմի հետևանքը, բայց պատրաստ եմ հավատալ, որ Հայաստանում ՌՈւԵ ներկայացուցչության մակարդակի բարձրացումը կարող է անուղղակիորեն ազդել հակամարտության կարգավորման ընթացքի վրա։ Երևանում ՌՈւԵ թեմի ստեղծումը թույլ է տալիս Արցախում բնակվող ուղղափառներին հուսալ, որ ռուսական համայնքի հոգևոր կյանքը կվերականգնվի: Ինչպես հայտնի է, Ստեփանակերտի քաղաքապետարանը 7 հազար քառակուսի մետր տարածք է հատկացրել քաղաքի կենտրոնում ուղղափառ եկեղեցի կառուցելու համար։ Բայց Արցախում ապրող ռուսների, ուկրաինացիների ու բելառուսների մոտ արդեն հիմա տեղին հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ է ենթարկվելու նրանց ապագա վանահայրը։
Միանգամայն ակնհայտ է, որ ՌՈւԵ Բաքվի թեմին Ստեփանակերտի ուղղափառ համայնքը ենթարկեցնելու փորձերը, հասկանալի հանգամանքների բերումով, ձախողման են դատապարտված։ Շատ ավելի բնական է թվում, որ Ստեփանակերտում կառուցվելիք եկեղեցին Երևանի թեմին ենթարկվի։
Դադիվանքն ու Արցախի ոչնչացվող սրբավայրերը․ Մայր աթոռը ցուցահանդես է կազմակերպել
Դրա հետ համաձայն է վերոնշյալ կրոնական մեկնաբան Ստանիսլավ Ստրեմիդլովսկին։ «Դեռ վիճելի է մնում հարցը, թե որ թեմին կառնչվեն Լեռնային Ղարաբաղի ուղղափառ եկեղեցիները։ Պաշտոնապես դրանք կարող էին փոխանցվել Բաքվի թեմին։ Բայց դատելով այն բանից, որ Մոսկվայի պատրիարքարանը Հայ Առաքելական եկեղեցու հետ պայմանավորվել է Երևանի և Հայոց թեմի ստեղծման մասին, չի բացառվում, որ հենց այն իշխող դառնա Լեռնային Ղարաբաղի ուղղափառների համար», – գրում է նա։
Եթե Մոսկվայի պատրիարքարանն իսկապես որոշի Երևանի թեմին ենթարկել ապագա Ստեփանակերտի եկեղեցին, դա կարող է գնահատվել որպես Արցախի պետական անկախության ճանաչում կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու փորձ: Կան բազմաթիվ օրինակներ, երբ եկեղեցին, խուսափելով կոնկրետ տարածքի պատկանելության հարցից, իր ներսում գտնվող վանքերը ներառել է այն թեմի կազմում, որին ավելի հեշտ է կառավարել ծխերը։
Գյումրու ռուսական եկեղեցու ջնջված որմնանկարներն ու «ամենատես աչքը». ի՞նչ է եղել իրականում
Այսպես, օրինակ, Հորդանանի հայկական եկեղեցիները պատկանում են Երուսաղեմի Հայ առաքելական եկեղեցուն։ Ամանում դա ոչ մեկի մոտ դժգոհություն չի առաջացնում։ Նույն կերպ Վրաստանի իշխանությունը չի բողոքում այն բանի կապակցությամբ, որ Աբխազիայի հայկական եկեղեցիները փաստացի ենթարկվում են Ռուսաստանի հարավի թեմին, որի ամբիոնը Կրասնոդարում է։
Դա ամենևին չի նշանակում, որ Սուրբ Էջմիածինը Սուխումին և Գագրան համարում է Ռուսաստանի Դաշնության մաս։ Դա միայն այն ակնհայտ փաստի արձանագրումն է, որ թբիլիսցի եպիսկոպոսն ի վիճակի չէ այցելել Աբխազիա ու կառավարել այնտեղի եկեղեցին: Արցախում բնակվող մեկուկես հազար ուղղափառ ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ հույս ունեն, որ Մոսկվայի պատրիարքությունն էլ կճանաչի ու կառաջնորդվի ակնհայտ փաստերով։