Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի տպավորությունը սխալ է. Մհեր Գրիգորյան

Հայաստանի կառավարությունում պարզաբանել են՝ ինչ է կատարվում այժմ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Տպավորությունն այն մասին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել է սահմանների դեմարկացիան, սխալ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Կապանի մոտակա Փելա բարձունքը սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Այս պահին ուսումնասիրվում են բոլոր փաստաթղթերը, սակայն դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մակարդակով շփումներ չկան»,-նշել է Գրիգորյանը։
Գրիգորյանն ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել սահմանների հետ կապված բոլոր իրավական հիմքերը, առաջին հերթին այն փաստաթղթերը, որոնցում կան երկու կողմերի համաձայնությունը կամ ստորագրությունը։
«Միայն դրանից հետո կարելի է խոսել քարտեզների մասին, քանի որ առանց այդ հիմքի քարտեզներն ընդամենը սխեմաներ են։ Քարտեզները պետք է իրավական հիմք ունենան, որոնց վրա մենք աշխատում ենք՝ ուսումնասիրում ենք, ընդհանրացնում ենք։ Վերլուծությունից հետո հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին»,-ասաց փոխվարչապետը։
Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն դելիմիտացիայի ու դեմարկացիայի դեպքում. Լավրով
Ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել էր, որ մոտակա Փելա սարն անցել է Բաքվի վերահսկողության տակ, ու այնտեղ ադրբեջանցի զինվորականներ են տեղակայվել։ Դրան հետևեց Հայաստանի ԱԱԾ-ի հաղորդագրությունն այն մասին, որ այդ տարածքում դիրքային որևէ փոփոխություն չի եղել։