Մհեր Գրիգորյանը բացատրեց, թե ինչպես են բացվելու տարածաշրջանի փակ ճանապարհները

Հայաստանի փոխվարչապետը որոշ մանրամասներ է հայտնել Մոսկվայում սպասվող քննարկումների վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Հայկական կողմը որոշակի պատկերացումներ ունի երկաթգծի բացման վերաբերյալ` որպես տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման բաղադրիչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՝ խոսելով առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի մասին:
Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախանշված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

«Մենք ունենք որոշակի գաղափարներ ու գիտակցում ենք, որ կարգավորումն ու ապաշրջափակումը կիրականացվեն ԱՊՀ -ի իրավական կարգավորումների շրջանակներում: Մենք պետք է քննարկենք նաև ավտոճանապարհների բացման խնդիրները», - ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ տարածաշրջանի բոլոր հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը առաջնահերթություն է Հայաստանի համար:
Փաշինյանը Մհեր Գրիգորյանին Մոսկվա է ուղարկում. հանդիպում կլինի Օվերչուկի և Մուստաֆաևի հետ
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։