Իշխանությանը հաջողվել է պարզ և թափանցիկ ՏԻՄ ընտրություններ անցկացնել. Սանոսյան

Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի համոզմամբ, օրերս ՀՀ 9 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները կազմակերպվել են արդար ու թափանցիկ։ Նա նման կարծիք հայտնեց Հայ–ռուսական միջտարածաշրջանային 8–րդ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։
Լրագրողներից մեկը Սանոսյանին հարցրեց՝ արդյոք Գորիսում և Գյումրիում այլ քաղաքական ուժերի հաղթանակը քննարկել են ՀՀ վարչապետի հետ, քանի որ լուրեր կան, թե վերջինս շատ դժգոհ է եղել։
Սյունիքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ, հարուցվել է 1 քրգործ
«Ընտրություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքները պետք է վերլուծել, հասկանալ որտեղ ինչ խնդիրներ կային կամ կային, թե ոչ։ Ընդհանուր առմամբ նորմալ ենք վերաբերվում, քաղաքական պրոցես է։ Որպես իշխանություն շատ կարևոր ենք համարում ընտրությունները պատշաճ, արդար, թափանցիկ կազմակերպելը, և կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է, և դրա արդյունքում է, որ մի շարք այլ քաղաքական ուժեր հնարավորություն ունեն ներկայանալու մեր տարբեր բնակավայրերում իրենց ավագանու կազմով»,–ասաց Սանոսյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17–ին ՏԻՄ ընտրություններ էին Հայաստանի 9 համայնքում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Մեզ նոր քաղաքական զարգացումներ են սպասվում, կամ ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները
Ըստ նախնական տվյալների` Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան» դաշինքը, Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։ Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: