Ինչպե՞ս հասնել ռուսական գազի կայուն գնի. պարզաբանում է Հայաստանի փոխվարչապետը

2013 թվականի հայ-ռուսական համաձայնագիրը նախատեսում է, որ «Գազպրոմի» նախագծերը Հայաստանում պետք է ունենան տարեկան 9 տոկոս եկամտաբերություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ռուսական գազի գինը կարող է կայուն մնալ, եթե Հայաստանն ապահովի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի ընթացքում լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ռուսական կողմի հետ գազի գնի և մատակարարման պայմանների շուրջ բանակցություններն ընթանում են անընդհատ, և սահմանի գնի շուրջ կոնսենսուս կա։
ԵԱՏՄ երկրների պատվիրակությունները կքննարկեն գազի սակագինը
Հիմնական խնդիրներից մեկը, որը բարձրացնում է ռուսական կողմը, «Գազպրոմ» կորպորացիայի կողմից կառուցված Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը փոխհատուցելն է (քանի որ այն էլեկտրաէներգիա արտադրող ջերմակայան է ու հիմա չի աշխատում)։
Ժամանակին կայանի կառուցման համար ծախսվել է 250 մլն դոլար, իսկ 2013-ի հայ-ռուսական համաձայնագիրը նախատեսում է, որ «Գազպրոմի» նախագծերը Հայաստանում պետք է ունենան տարեկան 9 տոկոս եկամտաբերություն։

«Էներգետիկ շուկան ունի իր ռիսկերը, և դրանց կառավարումը ենթադրում է ծախսեր, որոնք պետք է ողջամիտ լինեն և տեղավորվեն տրամաբանության մեջ։ Եթե մեզ հաջողվի այս կամ այն կերպ կայանը դարձնել էներգահամակարգի լիարժեք մասնակից` մենք կունենանք շատ կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված ինչպես սահմանին, այնպես էլ սպառողների համար», - հայտարարել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ այժմ եվրոպական բորսաներում գազի գինը կազմում է մոտ 940 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, Հայաստանում գազի գինը կազմում է 165 դոլար սահմանին և 300 դոլարից մի փոքր պակաս ՝ տնային տնտեսությունների հիմնական մասի համար (բիզնեսի մեծ մասի համար` մոտ 256 դոլար):
Հուսով ենք` կհաջողվի պահպանել գազի գինը. "Գազպրոմի" հետ բանակցությունները շարունակվում են