ՀՔԾ–ն վարույթ է ընդունել Առուշ Առուշանյանի հորն առնչվող ընտրակաշառքի գործը

Առուշ Առուշանյան
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գագիկ Առուշանյանը քրեական գործով որևէ կարգավիճակ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Գորիս համայնքում ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրակաշառք տալու և ստանալու քրեական գործը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հարուցված քրեական գործն առնչվում է համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին։
Գորիսում ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներ են ստացվել. Սմբատյան
Հիշեցնենք` Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի համաձայն Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։
Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն էր տվել` ընտրության օրը շտաբում խուզարկություն անցկացնելու համար։
Մեր տեղեկություններով` Գագիկ Առուշանյանն այս պահին քրեական գործով որևէ քրեադատավարական կարգավիճակ չունի։