ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ՌԴ նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի հետ հանդիպմանը քննարկել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Մասլովը Հայաստանում է գտնվում աշխատանքային այցով։
Վահրամ Դումանյանն ասել է, որ հայկական կողմի համար առանձնակի կարևորություն ունի գիտության ոլորտում համատեղ նախագծերի իրագործումը:
Մշակութային համագործակցության շրջանակում ավանդույթի են վերածվել Հայաստանում անցկացվող ռուսական և ՌԴ-ում անցկացվող հայկական մշակույթի օրերը, որոնք անցյալ տարի և այս տարի չեն կայացել համավարակի ու պատերազմական իրավիճակի պատճառով: Նախարարը վստահություն է հայտնել, որ դրանք 2022 թվականին անպայման կիրականացվեն:
ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է ռուսական կողմի աջակցությունը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցում։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
© Photo
Դումանյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնությունների առաջարկներ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Այս համատեքստում կողմերը մասնավորապես կարևորել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման հարցերը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայ-ռուսական համալսարանի գործունությանը: Նախարարը նշել է, որ այն ՀՀ առաջատար բուհերից է և երկու երկրի կառավարությունները՝ որպես բուհի հիմնադիրներ, պետք է ջանքեր գործադրեն բուհի զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Անտոն Ռիբակովը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության 2-րդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը և այլք: Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը: