Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում. տեսանյութ

Sputnik
Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։
Հայաստան են գալիս Մելս Կարապետի Ամբարդարյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։
Հայրենիք վերադարձած բոլոր գերիները Շիրակի մարզից են։
Նրանցից 3–ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։
Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ վճիռ էր կայացվել հուլիսի 29–ին։