ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Արդյոք «Պետական սահմանի մասին» օրենքում առկա է դրույթ հարևան պետության հետ բանավոր փոխընբռնման արդյունքում սահմանազատում ու սահմանանշում իրականացնելու մասին։ Օրենքի որևէ հոդվածում գրվա՞ծ է սահմանը GPS սարքի միջոցով տեղորոշելու մասին։ Եվ արդյոք ԱԳ նախարարությունը տեղյակ է եղել 2020թ–ի դեկտեմբերի 16-ի հրամանի մասին, որով հայկական ԶՈւ–երը հետ են բերվել 15-20 կմ։ Այս հարցերն այսօր ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արմեն Սարգսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։
«Որքանով տեղյակ եմ` դուք իրավաբան եք, նաև` ատենախոսություն պաշտպանած, գիտական աստիճան ունեցող։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը դուք կարող էիք արդեն ստացած լինել այդ օրենքն ուսումնասիրելիս», Ղազինյանի հնչեցրած առաջին` բանավոր փոխընբռնման մասին հարցին այսպես պատասխանեց Սարգսյանը։
Հաջորդ երկու հարցերը փախնախարարը խորհուրդ տվեց ուղղել գրավոր` մեկը` ՊՆ–ին, մյուսը` ԱԳՆ–ին։
«Իրականում շատ էլ լավ տեղյակ եմ, որ բանավոր փոխըմբռնումով պետական սահման չի գծվում, GPS սարքը` որպես սահմանի տեղորոշման միջոց, օրենքով սահմանված չէ։ Օրենքով երկու բան է սահմանված ընդամենը` այն, ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին ու շարունակվում է մինչև այսօր, որևէ առնչություն չունի օրենքի հետ, չունենք կնքած միջազգային պայմանագիր սահմանակից պետության հետ, որի հետ պատրաստվում ենք սահմանագծում իրականացնել»,– ասաց Ղազինյանը։
Ինչ վերաբերում է GPS սարքավորումներով սահմանը տեղորոշելուն, ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ պարբերաբար սահմաններից տեղեկույուններ են ստանում այն մասին, որ ադրբեջանական ավտոմեքենաները` անտենաներով, գալիս են ու ասում. «Սահմանն այստեղ է»։
«Համենայնդեպես, Google map քարտեզով Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցնող գծով ինչ–որ բան է իրականացվում»,– ասաց Արթուր Ղազինյանը։
Նշենք, որ վրջին օրերին ակտիվացել են տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանրությունից գաղտնի սահմանազատում ու սահմանանշում է իրականացվում։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ էր լրագրողներին հայտնել, որ տպավորությունն այն մասին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել է սահմանների դեմարկացիան, սխալ է։