Այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձան Մելս Կարապետի Ամբարդարյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Նրանք տեղափոխվեցին բուժզննության։ 5 հայ ռազմագերիներին «Էրեբունի» օդանավակայանում դիմավորեցին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։
Sputnik Արմենիան ներկայացնում է «Էրեբունի» օդանավակայանում արված լուսանկարները։
Գերիներից 3–ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։
Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ վճիռ էր կայացվել հուլիսի 29–ին։
Հայրենիք վերադարձած բոլոր գերիները Շիրակի մարզից են։