ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. 2021թ. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքին աջակցող Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչ Ն․Ա․-ն իրենց քաղաքական ուժի օգտին կողմ քվեարկելու նպատակով համագյուղացիներին 10․000-20․000 հազար ՀՀ դրամ ընտրակաշառք է առաջարկել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նրա գործատուն՝ Արջուտ գյուղի ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդին, առաջադրվել էր «Պատիվ ունեմ» դաշինքով որպես պատգամավորի թեկնածու։
«2021թ. հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ն. Ա.-ն՝ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով համագյուղացուն անձամբ առաջարկել է 10000-ից մինչև 20000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք։ Վերջինս մերժել է: Րոպեներ անց Ն. Ա.-ն Արջուտ գյուղում գտնվող իր բնակարան է հրավիրել մեկ այլ համագյուղացու և նույն խնդրանքով կաշառք առաջարկել»,- նշում են դատախազությունից։
Երկրորդ համագյուղացին նախկինում Ն․Ա․-ին 7500 դրամ պարտք է եղել (գոյացել է ծառայություններ մատուցելու արդյունքում), ինչը վերջինս խոստացել է զիջել։ Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրություն։
Դատական քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի դատավճռով ամբաստանյալ Ն. Ա.-ն մեղավոր էր ճանաչվել, նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում։ Միաժամանակ, դատարանը ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով։
Դատական ակտը ստանալուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունում կքննարկվի պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով այն բողոքարկելու հիմքերի առկայությունը և անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան է անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։