ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում Արցախի Քաշաթաղի շրջանում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմից հետո: Այդ տարածքով, ինչպես հայտնի է, անցնում է Լաչինի միջանցքը, որը Հայաստանը կապում է Արցախի հետ։
Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հրամանատարա–շտաբային զորավարժություններն անցկացվում են կապի և տեղանքում կողմնորոշվելու տարատեսակ միջոցների լայնամասշտաբ կիրառմամբ։
«Վարժանքների ընթացքում դիտարկվում է ցամաքային զորքերի և զորքերի տեսակների փոխգործակցությունը՝ կառավարման ժամանակակից մեթոդների կիրառմամբ», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Լաչինի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում։ Դրանք ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի և Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին։