Մարդիկ պարտադիր պետք է պատվաստվեն, իսկ ՊՇՌ թեստը հանձնեն հնարավորինս հաճախակի, որովհետև տասնօրյա ժամկետը բավականին քիչ է, կարծում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը։
«Ամեն դեպքում ՊՇՌ թեստը ստիպում է, որ մարդիկ ուղղակի գնան պատվաստման։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է հանրության առողջության և մեծ թվով մահացությունների համար, հետևաբար այնպես չէ, որ ինչ ուզի, այն էլ պետք է անի»,– Sputnik Արմենիային ասաց նա։
Բաբլոյանի դիտարկմամբ` նույն բանն է, երբ մարդուն ասեն` պետք է գնաս բանակ, իսկ նա պատասխանի` վտանգավոր է, և խուսափի ծառայությունից։
Ըստ նրա` համավարակով պայմանավորված իրավիճակն ազգային անվտանգության խնդիր է, և պատվաստման հարցը չի կարելի դարձնել պրիմիտիվ քննարկումների առարկա։
«Մարդիկ սովորաբար պատվաստվում են իրենց պոլիկլինիկաներում, ընտանեկան բժիշկները խնդիրների առկայության վերաբերյալ հարցեր են ուղղում պատվաստվելուց առաջ, և եթե կան այդպիսի խնդիրներ, քաղաքացիներին ցուցաբերում են համապատասխան մոտեցում»,– ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավարը։
Եթե մարդիկ տեղյակ չեն իրենց առողջական խնդիրներից, ապա չպե՞տք է պատվաստվեն։ Եթե աշխարհը նման մոտեցում չի ցուցաբերում, Հայաստանն ինքն իրենո՞վ պետք է հնարի ինչ–որ բան. հռետորական հարցադրումներ արեց Բաբլոյանը։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած` ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 16-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանում առաջիկայում կարող են սկսել Covid թեստավորման պատասխան պահանջել ոչ թե 2 շաբաթը մեկ անգամ, այլ ամենշաբաթյա պարբերականությամբ։
Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ Երևանում 241.666 մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Պատվաստանյութի 1-ին բաղադրիչը ստացել է 167.604 մարդ (29.1%), 2-րդ բաղադրիչը` 74.062 (12.8 %)
Հայաստանի Հանրապետությունում 588․385 քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։