ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 17–ի ՏԻՄ ընտրություններով ևս մեկ անգամ հաստատվեց, որ ԱԺ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության դիմաց արձանագրված քվեն` 53-54 տոկոսը, ոչ թե այդ քաղաքական ուժի վարկանիշի հաշվին էր, այլ նրանց հիմնական մրցակցի հակառեյտինգի հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Հենց վերանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավոր մրցակցի ուղղակի համադրության հանգամանքը, տեսանելի է դառնում, որ իշխանությունը շատ զուսպ վարկանիշ ունի, և դա արտահայտվեց ոչ միայն Գորիսում, այլև Մեղրիում և Գյումրիում, իսկ Գորիսում պարզապես ավելի ակնհայտ դարձավ։ Մարդիկ չվստահելով իշխանությանը` իրենց քվեն տվել են քաղաքական այլ ուժի։ Գորիսում չօգնեցին անգամ ոստիկանական ներխուժումները, խուզարկությունները։ Եթե իշխանության ռեպրեսիվ մեթոդները չլինեին, գուցե Առուշանյանի հաղթանակն ավելի համեստ լիներ»,– նշեց քաղաքագետը։
Սուրենյանցի կարծիքով` Գյումրիում գրանցվել է շատ հետաքրքիր փաստ. նախ իշխանության նկատմամբ անվստահությունը գյումրեցիներն արտահայտեցին շատ ցածր մասնակցությամբ, քանի որ 24 տոկոսն աննախադեպ ցածր ցուցանիշ է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ մարդիկ իրենց քվեն տվեցին մի քաղաքական միավորման, որն, ըստ էության, ոչ մի կենսագրություն չունի և ընդամենը ասոցացվում է Գյումրիի գործող քաղաքապետի հետ, այսինքն` գյումրեցիները ՔՊ–ին իշխանության չբերելու համար քվեարկեցին «Բալասանյան» դաշինքի օգտին։
«Հատկանշական է, որ ՔՊ–ն հաղթել է այն համայնքներում, որոնցում ընտրությունները քաղաքական առումով այնպիսի նշանակություն չունեին, ինչպես Գորիսում և Գյումրիում։ Սա վկայում է այն մասին, որ ԱԺ ընտրությունները չեն լուծել քաղաքական ճգնաժամը, որ հակառեյտինգի հիմքով իշխանության վերարտադրությունը չի լուծում նշված խնդիրը։ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մեզ նոր քաղաքական զարգացումներ են սպասվում»,– նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով` իշխանությունը զրկվեց մի շատ կարևոր ու հզոր կռվանից, և այլևս չի կարող ամեն առիթով իր ցանկացած ձախողում արդարացնելու համար օգտագործել իր ստացած քվեի փաստարկը։
Սուրենյանցի դիտարկմամբ` իշխանությունը հետայսու պետք է դադարեցնի «պողպատե մուրճի» մասին խոսակցությունները, կոնկրետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ իր ավտորիտար նկրտումները, ՏԻՄ–երը մոնոպոլիզացնելու ձգտումը, ամբողջ իշխանությունը մեկ մարդու քմահաճույքին ենթարկելու մարտավարությունը որևէ լավ տեղ չեն տանում։
Ըստ նրա` գործող խորհրդարանը շատ շուտով չի արտահայտելու երկրի իրական քաղաքական խճանկարը և առաջիկա մեկ–երկու տարում մեզ սպասում են ԱԺ արտահերթ ընտրություններ, հետևաբար գործող իշխանությունը ճիշտ կանի, եթե ներքաղաքական գործընթացները թողնի իրենց բնականոն զարգացման մեջ։
Հիշեցնենք` երեկ ՏԻՄ ընտրություններ էին Հայաստանի 9 համայնքում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ նախնական տվյալների` Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան» դաշինքը, Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։ Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: