Կարեն Անդրեասյանը ԵԽ պատվիրակության հետ խոսել է Բաքվում գտնվող հայ գերիների մասին

Կարեն Անդրեասյան
Նախարարի խոսքով` Եվրոպայի խորհուրդը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի պատվիրակության հետ հանդիպմանը հայտնել է, որ Հայաստանն ակնկալում է Եվրոպայի խորհրդի հստակ դիրքորոշումը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական այլ անձանց հայրենիք վերադարձնելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ընդգծել է, որ ԵԽ-ն պետք է նաև ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ այնտեղ պահվող հայ ռազմագերիների մասով։
«Անդրեասյանը հանդիպմանն ընդգծել է, որ ԵԽ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է։ Համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ ընտանեկան բռնության դեմ պայքար, Պրոբացիայի ծառայության բարելավում, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանություն, դատական բարեփոխումներ, հակակոռուպցիոն պայքար և այլն»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
ՌԱԴԻՈ
Գերիների վերադարձը կարող է արագանալ. Ղազարյանը` ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման մասին
Անդրեասյանն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների, դատաիրավական համակարգի թվայնացման գործընթացներին, ԴԱՀԿ արդյունավետության բարձրացման հնարավորություններին, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին և այլն։
Պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը նշել է, որ ոգևորված է իրականացված բարեփոխումներով և հաջողություն է մաղթել նախատեսվող ծրագրերն իրականացնելու ճանապարհին։
Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության Ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, այլք։ Պատվիրակությանն ուղեկցել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները գերիներին ազատ արձակելու կոչ են արել
ՄԻՊ–ը Հռոմի պապին է ներկայացրել գերիների նկատմամբ ադրբեջանցիների կատարած խոշտանգումները
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հոկտեմբերի 4-ին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը, մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ Հայաստան է վերադարձվել 1989-ին ծնված Արթուր Դավիդյանը, որն այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը։
Եթե ճանապարհը բացվի, դրանով առաջին հերթին պետք է վերադառնան գերիները. Ալեն Սիմոնյան