Եվրասիական ոսկերչական փորձագիտական բյուրոյի առաջին ղեկավարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը

Հայաստանցի նախագահն այդ պաշտոնը զբաղեցնելու է երկու տարի։ Նստավայրը կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Վերջերս ստեղծված Եվրասիական ոսկերչական փորձագիտական բյուրոյի առաջին նախագահը կլինի Հայաստանի ներկայացուցիչը: Այս մասին այսօր Երևանում կայացած ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ասաց ԵՏՀ ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարի օգնական Դավիթ Եսայանը:
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներին առաջարկել է գրավել թուրքական արգելված ապրանքների տեղը
«Իրականացնելով ոսկերչական արտադրանքը երրորդ երկրների շուկաներում իրացնելու մեր ծրագիրը՝ մենք վերջերս Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնում ստեղծեցինք առաջին փորձնական եվրասիական փորձագիտական ոսկերչական բյուրոն, և շատ կարևոր է, որ դրա առաջին նախագահը կլինի Հայաստանի ներկայացուցիչը, - ասել է Եսայանը, -Միության երկրների խոշորագույն ոսկերիչների բոլոր ասոցիացիաները եկել են այն եզրակացության, որ առաջին նախագահողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»։
Նրա խոսքով, հայաստանցի նախագահն այդ պաշտոնը զբաղեցնելու է երկու տարի։
Գազը գնել առանց մենաշնորհների․ ԵԱՏՄ-ում փորձարկել են նոր բորսայական աճուրդները
Խոսելով ոլորտի զարգացման հեռանկարի մասին` Եսայանը կարևորեց թանկարժեք մետաղների դրոշմակնիքների փոխադարձ ճանաչելիության հարցը։ Ըստ նրա` ակտիվ աշխատանք է տարվում հայ ոսկերիչների համար կարևոր այդ փաստաթղթի ընդունման ուղղությամբ, քանի որ ոսկերչությունը Հայաստանի տնտեսության առաջատար ոլորտներից է: