ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմը նոր օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկվում է ուժեղացնել Հայաստանում տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունը` այսօր գործող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին տալով լրացուցիչ հնարավորություններ ու իրավունքներ։
«Տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության» մասին ՀՀ օրենքի նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում։
Նախագծի հեղինակները նշում են, որ այժմ ՀՀ–ում տրանսպորտի բնագավառի վերահսկողության հստակ և համապարփակ կարգավորումներ չկան: Որոշակի լիազորություններ և գործառույթներ սահմանված են տարբեր օրենքներում, բայց դրանք բավարար չեն ոլորտը լիարժեք վերահսկելու համար: Մինչդեռ առաջարկվող տեսչությանը վերապահվելու է ՀՀ բոլոր ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, երկաթուղային տրանսպորտի ու տաքսիների գործունեության վերահսկողությունը։
Բացի այդ տեսչությունը վերահսկելու է նաև միջքաղաքային, միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումների տոմսերի վաճառքի, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության, ավետոմեքենաներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման, դրանց պարբերական վկայագրման ու անգամ ճանապարհներին ու կայարաններում գովազդային վահանակների տեղադրման հարցերը։
Տեսչական մարմնի աշխատակիցներն օժտված են լինելու տրանսպորտային միջոցը կանգնեցնելու լիազորությամբ, կրելու են հատուկ համազգեստ, ծառայողական զենք ու հատուկ միջոցներ (ձեռնաշղթա)։ Իսկ օրենսդրության խախտման դեպքեր հայտնաբերելու դեպքում իրավապահ մարմիններին հաղորդում են ներկայացնելու։
Նշենք, որ վարչապետի աշխատակազմի առաջարկած նախագիծը մինչև 2021թ–ի նոյեմբերի 2-ը դրվել է հանրային քննարկման։ Դրանից հետո այն կարող է արդեն ներկայացվել նախ` կառավարության, ապա` խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը։ Ընդունվելու դեպքում նոր օրենքը նախատեսվում է կիրառել 2022 թվականի հունվարի 1-ից: