Բուլղարացի ֆերմերները հավանել են հայկական ծնեբեկը. մեր լեռների բերքը` նոր արտադրանքի մաս

Ծնեբեկ
Բուլղարական ընտանեկան տնտեսությունը, որը օրգանական ալյուր ու հաց է արտադրում, ուզում է հայկական ծնեբեկով նոր արտադրանք ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. Բուլղարիայից «Կալուլա 84» ընտանեկան ֆերմերային ձեռնարկությունն ուզում է հայկական բաղադրիչներով նոր դիետիկ արտադրանք ստեղծել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ձեռնարկության ներկայացուցիչ Միլա Մինչևան, որը Բուլղարիայից մի խումբ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ ժամանել է Երևանում անցկացվող «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին։
Տնտեսությունը գտնվում է Բուլղարիայի հյուսիսում՝ Դոբրիչ շրջանի Գեներալ Տոշևո փոքր քաղաքում և օրգանական ցորեն ու եգիպտացորեն է աճեցնում: Դրանցից Մինչևներն ալյուր են պատրաստում իրենց ջրաղացով. այն կառուցել են հին քարե ջրաղացների պես, որոնք օգտագործվել են բուլղարական գյուղերում մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Արտադրողները կկարողանան ավելի հեշտ պայմաններով սարքեր ներկրել. Էկոնոմիկայի փոխնախարար
«Մենք և՛ հաց ենք սարքում, և՛ արևածաղկի ձեթ, արևածաղիկն էլ աճեցնում ենք։ Այս ամենը մեզ մոտ սերտիֆիկացված է որպես օրգանական, ԵՄ մակարդակով։ Բայց դա մեզ քիչ է, մենք ուզում ենք նոր, անսպասելի համով ինչ-որ բան անել», - ասում է Միլան։
Թեև Բուլղարիայում գյուղատնտեսությունը զարգացած է, և շատ լավ մրգեր ու բանջարեղեն կա, բայց այլ երկրին այլ համ ունի։ Ու Միլան ժպիտով ավելացնում է, որ հիմա ավելի շատ հնարավորություններ են առաջացել շրջագայել ու նոր համեր փորձելու։ Եվ նա պարզվել է՝ Հայաստանում համով բաները բավականին շատ են։

Նրանց այստեղ գրավել է Հայաստանում ոչ այնքան տարածված մի բույս՝ ծնեբեկը, որը ՀՀ–ում արդեն մի քանի տարի է, ինչ աճեցնում են, և բավականին հաջող ընթացք ունի։ Միլան վստահ է, որ Դունայի դաշտերի ու զանգեզուրյան լեռների բերքը հրաշալի միքս է լինելու։

Մինչևները չեն ասում, թե վերջում ինչ է ստացվելու՝ ծնեբեկի պահածո, ծնեբեկով կարկանդակ կամ ուրիշ ինչ-որ բան, բայց խոստանում են՝ ամեն ինչ պարզ ու համեղ է լինելու։