Այն հանգամանքը, որ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում և ընտրվել է համայնքի ղեկավար, դեռ չի նշանակում, որ նրան պետք է կալանքից ազատեն։ Նա իր լիազորություններն ու պարտականությունները կկատարի, բայց ժամանակավոր պաշտոնակատար կլինի համայնքի ղեկավարի տեղակալը, ինչը կարգավորվում է ՏԻՄ մասին օրենքով, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց իրավաբան Գայանե Պապոյանը։
«Տասն օրվա ընթաքում նախ պետք է նիստ անցկացվի, ընտրվի ավագանու կազմը։ Առուշ Առուշանյանը պետք է ինքնաբացարկ հայտնի, ավագանու հետ կապված դիմում ներկայացնի, քանի որ ընտրվել է համայնքի ղեկավար։ Պետք է ձևավորվի ավագանին. համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես կիրականացնի նրա տեղակալը»,– նշեց իրավաբանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ՏԻՄ ընտրություններում հաղթելու հանգամանքը կարո՞ղ է արդոյք ազդեցություն ունենալ Առուշ Առուշանյանին առնչվող իրավական գործընթացի վրա, Պապոյանն ընդգծեց, որ քաղաքական և իրավական գործընթացներն իրար հետ բացարձակապես կապ չունեն։
Նշենք, որ Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Գորիսի ՏԻՄ ընտրություններում ձայների բացարձակ առավելությամբ հաղթել է «Առուշ Առուշանյան» դաշինքը։
Ըստ նախնական տվյալների` «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 6256, ՀԱԿ–ը` 243, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 3290 քվե։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, հոկտեմբերի 13-ին մերժել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Առուշանյանը կալանավորված է 2021թ–ի հուլիսի 16-ից:
Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։