ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որոնք Հայաստան են ժամանել հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին մասնակցելու:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ–ից, կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները:
Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների գործունեության տարածաշրջանային առաջնահերթություններին: Ռուսական կողմը հանդես է եկել տարբեր ձևաչափերի փոխգործակցության առաջարկներով, որոնց իրականացման ուղղությամբ երկուստեք կարևորվել է համատեղ օրակարգերի ձեւավորումը: