Ադրբեջանցիների նման պահվածքն ու գործողությունները բացարձակապես զարմանալի չեն, ու դրա մասին շատերը զգուշացրել են դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Նախազգուշացնում էինք, որ եթե ադրբեջանցիների գործողությունները չկանխվեն, ունենալու ենք նման իրավիճակ։ Ավելին` նույն Գեղարքունիքի մարզ ներխուժումը կարելի էր կանգնեցնել` հաշվի առնելով, որ ադրբեջանցիները սահմանային այդ գոտում պատրաստվում էին ինչ–որ բան «եփել», և այդ մասին նույնիսկ խոսվում էր բաց աղբյուրներում դեռ 2021 թվականի մայիսին, սակայն հայկական կողմը որևէ բան չի արել, և ադրբեջանական զորքի ներկայությունը հայտնաբերել էին հովիվները»,– ասաց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով` ադրբեջանցիներն օգտվել են մեր սահմանի բացարձակ անպաշտպան լինելու հանգամանքից, իսկ ներխուժելուց հետո սկզբում սկսեցին ինչ–որ ձևական բանակցություններ վարել, որոնք ըստ էության ժամանակ ձգձգելու համար էին, որպեսզի ադրբեջանցիներն ամրանային այդ դիրքերում` կառուցելով մատակարարման ճանապարհներ։
«Եթե ոմանք կարծում են, որ ադրբեջանցիները ձմռանն իջնելու են բարձունքներից, սխալվում են։ Ավելին` նրանք Քարվաճառի անտառներից փայտ են բերել, որպեսզի ձմռան ամիսներին տաքանան։ Ստացվում է, որ որևէ բան չանելով`ՀՀ իշխանությունն ադրբեջանցիների համար ստեղծեց ամենաբարենպաստ պայմանները, որպեսզի նրանք ներխուժեն Հայաստանի տարածք և տեղում ամրանան։ Իսկ այսօր այդ թեման ամբողջությամբ մոռացության է տրվել և ընդհանրապես որևէ բան չի արվում»,– նշեց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի դիտարկմամբ` ՀՀ իշխանությունը սկզբում պատրանք էր ստեղծում, թե ադրբեջանցիները որոշ ժամանակ անց նահանջելու են, սակայն վերջիններիս վարքագիծը ցույց է տալիս, որ հեռանալու ցանկություն ամենևին չունեն։ Ըստ նրա` եթե Նիկոլ Փաշինյանը տարածքներ է հանձնում` հիմնվելով խորհրդային քարտեզների վրա, ապա դրանք հետո չեն կարող լինել վիճարկելի, պարզապես տարածքները, Վրթանեսյանի համոզմամբ, չպետք է հանձնվեին թշնամուն։
Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել, նրանք կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Սյունիքում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։